ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի երկրորդ օրն ազատ դեբատների ժամանակ ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ադրբեջանցի դիվերսանտների մասին հարցին անդրադառնալով՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Անակնկալ չէր փաստերի աղճատմամբ, իրողությունների խեղաթյուրմամբ լեցուն նրա խոսքը: Բայց, թերևս ես կհիասթափեցնեմ բոլոր նրանց, ում դա հաճելի է եղել, քանի որ ադրբեջանական պատվիրակության ելույթներն իրենց նախագահի ելույթների վատ կրկնօրինակն են, իսկ նա վարպետ է ամեն ինչ խեղաթյուրելու, ինչին մենք ականատես եղանք հունիսյան նստաշրջանին»: Անդրադառնալով դիվերսանտներին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Նրանք գերիներ չեն, այլ հանցագործներ, որոնք սպանություն են կատարել: Ղարաբաղյան կողմը ամբողջովին հավատարիմ է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ` գերիների հարցերով: Սակայն սա այդ դեպքը չէ: Նրանք հանցագործներ են և ոչ թե գերիներ»: Այնուհետև Արփինե Հովհաննիսյանը անցել է իր ելույթին. «Մարդկության քաղաքակիրթ հատվածը պատրաստվում է նշել Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայկական ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ցեղասպանություն իրականացրած Թուրքիան շարունակում է դրա հերքումը: Ավելին, բանտարկում է բոլոր նրանց, ովքեր փորձում են խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով նրանց թուրքականությունը վիրավորելու մեջ»: Նա նշեց, թե Թուրքիայի՝ ցեղասպանության ժխտման խոր պատճառներն ակնհայտ են զինված աչքի համար՝ դա ցեղասպանության շարունակականություն է. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը իսկապես իրականություն էր և այն իսկապես ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որի զոհերը, վերապրածները և նրանց սերունդները,նույնիսկ հարյուր տարի անց սպասում են ճանաչման և արդարադատության»: «Շարունակականությունը միևնույն տարածքներում, միևնույն երկրում, միևնույն երկրի կողմից, միևնույն մարդկանց կողմից: Մի´ խաբեք ինքներդ ձեզ: Մի´ եղեք երեսպաշտ՝ ասելով, որ այսօրվա Թուրքիան ոչնչի համար մեղավոր չէ, որ դրա քաղաքացիները համարյա եվրոպացիներ են և որ ցեղասպանությունը անցյալի հարց է…»: Նա հիշեցրեց այն, որ հայ լրագրող Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնամոլների խմբի կողմից. «Մենք դեռ սպասում ենք, որ այս հանցանքի մեղավորները կստանան իրենց արդարացի պատիժը: Հորինված Անատոլիա անունով կոչվող Արևմտյան Հայաստանի հայկական հսկայական մշակույթային ժառանգության գրեթե բոլոր հուշարձանները ոչնչացվել են Թուրքիայի կողմից: Թուրք ղեկավարները, որպես վիրավորանք են ընդունում, երբ իրենց հայ են անվանում: Ավելին, վերջերս Սիրիայում՝ Դեյր-Էլ-Զորում, իրականացվեց հայկական եկեղեցու պայթեցումը ‹‹իսլամական պետության» կողմից, որը, ինչպես նշվում է, իրականացվել է Թուրքիայի աջակցությամբ: Դեյր-Էլ-Զորը իրենց տներից վտարված և Սիրիայի անապատներում մահվան դատապարտված ցեղասպանության զոհերի վերջին հանգրվանն էր»: Արփինե Հովհաննիսյանի բնութագրմամբ՝ Թուրքիան «աշխարհի ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող մեծ իրադարձություններից շեղելու և ցեղասպանության հիշատակը մթագնելու համար՝ հայկական ցեղասպանության տարելիցի օրը վիճարկվում է Արևմտյան դաշնակիցների ջախջախման օրով՝ Գալիպոլիի ճակատամարտի օրով, որը մշտապես նշվել է ավելի վաղ` մարտ ամսին»: Այնուհետև շարունակեց թվարկել Թուրքիայի իրականացրած վայրագությունները. աջակցություն Իրաքում և Սիրիայում եզդիների, քրիստոնյաների, ասորիների, շիաների,ալավիտների և այլ փոքրամասնությունների ցեղասպանության իրականացմանը այսպես կոչված ‹‹իսլամական պետության» կողմից, որի վայրագությունները համեմատելի են միայն 20-րդ օսմանյան զորքերի կողմից հայերի դեմ կատարված վայրագությունների հետ: Արփինե Հովհաննիսյանը պատվիրակներին կոչ արեց ներգործել ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չճանաչած իրենց կառավարությունների վրա հայկական ցեղասպանությունը իր անունով կոչելու համար, որպեսզի ցույց տրվի զեղծարար չարիքի իշխանության և մեծ քաղաքականության կեղտոտ բանակցությունների նկատմամբ անհնազանդությունը: